Թագավորության թուլացումն ու անկումը
Ք. ա. 745 թ. Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III արքան։ Վերջինս մի շարք վերափոխությունների շնորհիվ կարողացավ կրկին ոտքի կանգնեցնել Ասորեստանը։ Նրա
վերափոխությունների մեջ կարևոր էր ռազմական ուղղությունը։ Բանակի գլխավոր ուժը դարձավ մշտական զորքը՝ «արքայական գունդը», որը պահվում էր կենտրոնական իշխա
նության միջոցներով։ Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումն անխուսափելի էր։ Սարդուրի II-ը պարտություն կրեց և կորցրեց վերահսկողությունը հարավային ու հարավարևմտյան նահանգների և կարևոր առևտրային ուղիների նկատմամբ։ Նրա իրավահաջորդ Ռուսա I-ը (Ք. ա. 735-713) ներքին և արտաքին պայքարի դժվարին պայմաններում միառժամանակ կարողացավ վերականգնել Վանի թագավորության սասանված ուժն ու իշխանությունը։ Արքան ստիպված էր պայքարել երեք ճակատով՝ կենտրոնախույս ուժերի, կիմմերական ցեղերի ներխուժումների և ասորեստանյան սպառնալիքի դեմ միաժամանակ։ Զգույշ քաղաքականություն վարելով ՝ Ռուսան միառժամանակ խուսափեց Ասորեստանի
հետ առճակատումից, մեծ կորուստներով շեղեց կիմմերական արշավանքների
ուղին և վերամիավորեց երկիրը։ Սակայն Ասորեստանի նոր արշավանքը չուշացավ։ Ք. ա. 714 թ. Ասորեստանի Սարգոն II արքան մեծ բանակով ներխուժեց Վանի թագավորություն։
Վճռական ճակատամարտում Ռուսան պարտություն կրեց։ Ամենամեծ կորուս
տը Մուսասիրի գրավումն էր ու Խալդիի տաճարի թալանը։ Բայց չնայած պարտությանը՝ Վանի թագավորությունը չկործանվեց։ Ընդհակառակը, հաջորդ արքաներին հաջողվեց վերականգնել թագավորության տարածքները՝ վերանվաճելով նաև Մուսասիրը։ Իսկ քանի որ թե՛ Վանի թագավորության, թե՛ Ասորեստանի համար հայտնվել էին նոր և վտանգավոր հակառակորդներ (կիմմերներ, սկյութներ և մարեր), ապա երկու մրցակից տերությունների միջև լարվածությունը թուլացավ , և հարաբերությունները կայունացան։
Վանի վերջին արքաների գործունեության մասին կցկտուր տեղեկություն
ներ կան, ուստի թագավորության կործանման մասին պատկերացումներն էլ
հստակ չեն։ Մինչ օրս այդ հարցում գիտնականները միակարծիք չեն։ Բազմաթիվ վարկածներից մեկն այն է, որ Վանի թագավորությունը կործանվել է
մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղած պայքարում։ Մեկ այլ վարկածի
համաձայն՝ թագավորությունը կործանվել է Ք. ա. VII դարի սկզբին՝ ներքին պատերազմների, քաղաքական մասնատումների պատճառով։ Սակայն մեկ ուրիշ
վարկած էլ պնդում է, որ Վանի թագավորությունն իրականում չի կործանվել.
տեղի է ունեցել ընդամենը արքայատոհմի փոփոխություն։ Վանի թագավորության անվան հիշատակություն գտնում ենք նաև Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ։ Այն անվանվում է Ուրաշտու՝ բաբելոներեն, Արմինա՝ պարսկերեն և Հարմինույա՝ էլամերեն։ Բոլոր դեպքերում էլ խոսքը Հայաստանի մասին է։